10 08 2020

Անտառահատումն ու չտնկված ծառերը` գյուղատնտեսության «ֆեյք» աճի բաղադրիչներ

Անտառահատումն ու չտնկված ծառերը` գյուղատնտեսության «ֆեյք» աճի բաղադրիչներ

Գյուղատնտեսության վիճակը գնալով վատթարանում է։ Այս տարվա հունիս և հուլիս ամիսներին մրգերի և բանջարեղենի կտրուկ թանկացումը բոլորս ենք տեսնում։ Այդ մասին  անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակմամբ:

Ակնհայտ է, որ բերքի սակավությունն է թանկացման պատճառը։ Անգամ վիճկոմն է փաստում, որ, բացառությամբ կարտոֆիլի, մրգի, բանջարեղենի և հատկապես հացահատիկի բերքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Փորձագետների գնահատականով, կրկնակի նվազել են նաև Հայաստանից արտահանված միրգն ու բանջարեղենը։ Արտահանման ծավալների մասին պաշտոնական տվյալներ այս տարի չեն հրապարակվել։

Գյուղատնտեսության մյուս խոշոր ճյուղում՝ անասնապահությունում նույնպես անմխիթար կացություն է։ Պաշտոնական տվյալների համաձայն, նվազել է տավարի, խոզի, ոչխարի մսի արտադրության ծավալները։ Միայն թռչնի մսի արտադրության աճի շնորհիվ է մսի արտադրության ընդհանուր ծավալներում աճ ստացվել։ Կաթի արտադրությունը նույնպես նվազել է։ Ավելացել է միայն ձվի արտադրությունը։ Մեկ անգամ ևս շեշտենք, սա գյուղատնտեսության ոլորտի վիճակագրական տվյալներն են, որոնք բոլոր ժամանակներում «սրբագրվել» են՝ ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ցույց տալու համար։ Վերջին երկու տարում այդ տվյալները ոչ թե «սրբագրվում» են, այլ բառացիորեն գլխիվայր ներկայացվում։

Հարց է առաջանում, եթե բերքը քիչ է եղել, մսի և կաթի արտադրության ծավալները նվազել են, ապա ինչպե՞ս է պատահել, որ տարվա առաջին կեսին գյուղատնտեսությունում վիճկոմը, այդուհանդերձ, 1,7 տոկոս աճ է «տեսել»։ Պարզվում է, բացի թռչնի մսի և ձվի արտադրության «նկարած» աճից, կառավարությանն օգնության է հասել ․․․ անտառահատումը։ Այո, այո, անտառահատումը, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը ոստիկանական ուժ կիրառեց իջևանցիների դեմ, որոնք զբաղվում էին փայտի հատմամբ և վաճառքով։ Վիճակագրական ցուցանիշների մեջ այն ավելի մեղմ անվանում ունի՝ փայտամթերում, որն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,1 անգամ։ Այսպես է «պայքարում» Նիկոլ Փաշինյանն անտառահատման դեմ, որի արդյունքում դրա ծավալները ավելի քան կրկնակի աճում են։ Նախկինում մեկ հատված ծառի համար վայնասուն բարձրացնող «բնապահպաններն» էլ  պապանձվել են։

Սակայն սա ամբողջը չէ։ Գյուղատնտեսության մեջ աճ ցույց տալուն նպաստել է մեկ այլ ցուցանիշ ևս՝ «անտառաբուծությունը»։ Ըստ վիճկոմի, այս տարվա հունվար-հունիս ամիսներին անտառաբուծության ծավալներն աճել են ․․․ 19 անգամ։ Սա իսկապես հրաշալի կլիներ, եթե այդպես լիներ։ Հիշեցնենք, որ 500 հազար ծառ տնկելու համար անցած տարի կառավարությունը հատկացրել էր 424 մլն դրամ։ Թե որտե՞ղ են տնկվել նման ոչ փոքր քանակությամբ ծառերը, երևի միայն այդ գումարը հատկացնողներն ու մսխողները գիտեն։

Այս տարվա առաջին կեսին անտառաբուծության համար ծախսված գումարը կազմել է մոտ 784 մլն դրամ։ Ենթադրվում է, որ այս դեպքում էլ պետք է տնկվեր մոտ 1 մլն ծառ։ Դե հիմա հայաստանցիները թող ցույց տան, թե այս և անցած տարվա ընթացքում որտե՞ղ են տեսել 1,5 մլն տնկված ծատ։ Ի վերջո, անհնար է, որ դա այդքան աննկատ դա մնար, բայց երևար վիճակագրական ցուցանիշների մեջ։ Արդյունքում՝ անտառաբուծություն կոչվող այս տողով կառավարությունը երկու նապաստակ է խփել՝ մի կողմից գյուղատնտեսության մեջ աճ է պատկերվել, մյուս կողմից՝ այդ գումարը տնօրինողների անձնական բարեկեցությունն է պետբյուջեից հատկացված գումարների հաշվին բարելավվել։

Այն, որ գյուղատնտեսությունում անկումը այս իշխանության կոպիտ սխալների հետևանք է՝ մեկ անգամ չէ, որ ասել ենք։ Հիշեցնենք, 2018 թ․-ին հուլիս-օգոստոս ամիսներին ոռոգման ջուր բաց չթողնվեց Սևանից՝ գյուղատնտեսությունն այդ տարի տասնյակ միլիարդավորև դրամների վնաս կրեց։ Դրանք միայն մի քանի տարվա ընթացքում կարող են վերականգնվել՝ եթե իհարկե լինեն կառավարության կողմից աջակցության ծրագրեր։ Դրանք չկան։ Ավելին, նախկին իշխանությունների կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերը՝ պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորում, սերմացուի անվճար տրամադրում, այս իշխանությունները դադարեցրել են՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառաբանությամբ։ Չկա նաև իրավասու մարմինը՝ գյուղնախարարությունը, որը լավ-վատ զբաղվում էր ոլորտի խնդիրներով և տարբեր ծրագրեր իրականացնում։ Բնական է, որ այս իրավիճակում գյուղատնտեսությունը չի կարող իրական աճ ունենալ։ Մինչդեռ, ամենից շատ մարդիկ ընդգրկված են հենց այս ճյուղում, որն ի դեպ, այս կառավարության կողմից գերակայություն էր հռչակվել։ Իհարկե, դժվար է առանց սարկազմի հիշեցնել նման  «գերակայության» մասին։  

 Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ